Հանրային պաշտպանները խափանման միջոցներ փոխելու 108 միջնորդություն և վերաքննիչ բողոք են ներկայացրել

Armenpress 21:15, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20․03․2020 թվականի հանձնարարականի պահանջները:

Այս հանձնարարականի իրականացումը, ի թիվս այլնի, նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում:

Կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված  խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ ներկայացրել են 108 միջնորդությունից և վերաքննիչ բողոքից.

29-ը բավարարվել են և կալանավորումը փոխարինվել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով, 75-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում, 4-ը դատարանների կողմից մերժվել են:

Նշենք նաև, բավարաված միջնորդություններից մեկը վերաբերվել է ցմահ դատապարտվածի վերանայման վարույթի շրջանակում, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

Հանրային պաշտպանները շարունակում են միջնորդություններ ու բողոքներ ներկայացնել իրենց մյուս պաշտպանյալների խափանման միջոցները փոփոխելու  համար՝ հաշվի առնելով նրանց առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Առավել մանրամասն՝ ըստ դատավարական փուլերի և առաջադրված մեղադրանքների, կից ներկայացված տեղեկանքում»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am