ԱԻՆ-ն ապրիլի 8-ին վարակազերծել է 338 հանրային նշանակության վայր

Armenpress 13:05, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ապրիլի 8-ին վարակազերծվել են 338 հանրային նշանակության վայրեր, որոնց մեջ 161-ը առևտրային կազմակերպություններ են:

Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Մասիսի, Տաշիրի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության շենքը, մարզային 7 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ:

Վարակազերծվել են Կապանի շուկան, Գյումրիի շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավարները և 50 խանութները, 7 բազմաբնակարան բնակելի շենքեր, 24 բանկոմատներ, 16 բանկային և վարկային կազմակերպություններ և 22 այլ կազմակերպություններ:

Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am