Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ սպասարկման աշխատանքներ

Armenpress 09:46, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, կատարվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման, հարթեցման և վերականգնման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, նշագծման, ճանապարհների ծածկի, մայթերի, վաքերի աղբից մաքրման աշխատանքներ: Գործընթացն ապահովում է ճանապարհներով բնականոն երթևեկությունը:

«Տեղեկացնենք, որ այս օրերին կապալառու կազմակերպությունները նշված աշխատանքները կազմակերպում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am