«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր

Armenpress 22:00, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակում մարդկանց վարքի առանձնահատկությունների ու հոգեբանական դրսեւորումների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ: Նա, մասնավորապես, հետեւյալ դիտարկումն է արել. «Սա շատ յուրահատուկ վիճակ է՝ ոչ միայն մարդկանց առօրյայի, այլեւ բնույթի տեսակետից: Մի տեսակ անբնական վիճակ է: Մարդն իր բնույթով ակտիվ է. նպատակներ է դնում, ինչ-որ գործողություններ է կատարում, այսինքն, այս վիճակում երկար մնալը շատ ծանր կլինի մարդկանց համար, թեկուզ այն պատճառով, որ դեմ է մարդու բնույթին՝ ակտիվության, մոտիվացիայի օրենքներին: Բայց տեսնում ենք, որ մարդիկ արժանապատվորեն դիմանում են, եւ դիմանալու կարեւոր պատճառը վտանգի զգացողությունն է: Մարդիկ հասկանում են, որ իրենք այս անբնական վիճակի մեջ են, որովհետեւ կա սպառնալիք, եւ այդ սպառնալիքի, վտանգի զգացողության ազդեցության տակ մարդիկ վերակառուցել են իրենց վարքը, ապրելակերպը: Բայց ես շատ հետաքրքիր դինամիկա եմ նկատում: Սկզբում, երբ մարդկանց ասվեց, որ պետք է մնան տներում, կար մի տեսակետ, որ ուրեմն ինչ-որ բան լուրջ է, որ ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհում մարդիկ նստել են տներում եւ այլն, բայց բուն տանը նստելու այդ  տրամադրությունների մեջ ես ինչ-որ դրական բան տեսա: Մարդիկ անընդհատ աշխատանքի, զբաղվածության մեջ մի տեսակ կարոտում են ընտանիքի հետ ավելի երկար շփումներին, ավելի ջերմ ընտանեկան մթնոլորտում լինելուն...»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am