Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետաջակցությունից օգտվողների շրջանակի ընդլայնման առաջարկներ

Armenpress 20:13, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին նախ զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների կատարման մասին: Մասնավորապես, նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: Տնտեսական 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ: 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր: Զեկուցվել է, որ ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալներն օրեցօր էապես կմեծանան: Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերի ընթացքին:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով շարունակել ծրագրերի մշտադիտարկումը, զեկուցել ընթացքի մասին:

Այնուհետև ներկայացվել են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված նոր առաջարկություններ և գաղափարներ՝ աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով: Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է մշակել միջոցառումների նոր ծրագիր և ներկայացնել կառավարության հաստատմանը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am