Պատրաստ եմ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների կյանքը պաշտպանելու համար. ՉԺՀ նախագահը՝ ՀՀ նախագահին

Armenpress 19:00, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին, որում մասնավորապես բարձր էր գնահատել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի արձանագրած  առաջընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սի Ծինփինը պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին և համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդի անունից անկեղծ աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին, բոլոր հիվանդներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:

Չինաստանն ու Հայաստանը բարեկամական գործընկերություն և համագործակցություն ունեցող երկրներ են: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը»,- մասնավորապես, ասվում է Սի Ծինփինի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում:

Նախագահ Սարգսյանն առաջիկայում մտադիր է շարունակել քննարկումները և երկխոսությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am