Արցախի ԿԸՀ–ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները

Armenpress 20:57, 7 Ապրիլ, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատները։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` մանդատները բաշխվել են ապրիլի 7–ին կայացած նիստում։

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020 թվականի մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովը համարել ընտրված:

 Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ, «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ, Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կայացել են մարտի 31–ին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am