Արցախում տեղի ունեցած ընտրությունները կայացած քաղաքական համակարգի մասին են վկայում

Armenpress 15:23, 7 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ու ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի առաջացրած խուճապն այնպիսի մեծ ազդեցություն է գործել մնացյալ տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա, որ մի շարք կարեւորագույն իրադարձություններ կա՛մ հանրային ուշադրությունից դուրս են մնում, կա՛մ մասամբ մղվում երկրորդ պլան։

Այդպիսի մի իրադարձություն էլ Արցախի ընտրություններն էին, որոնք թեեւ մի քանի օրերի ընթացքում ձեւավորեցին հանրային քննարկման օրակարգ, բայց, այդուհանդերձ, ամբողջովին ու բոլոր շերտերով չընկալվեցին հասարակության լայն խավերի կողմից։ Արցախում այս ընտրությունները մի քանի հատկանիշներով տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից, ինչպես նաեւ ունեին մի քանի կարեւոր նշանակություն։

Ամենաառաջին կարեւոր կողմն այն էր, որ ընտրություններում չկար ընդգծված առաջատար՝ ֆավորիտ թեկնածու կամ քաղաքական ուժ, որի մասին կարելի կլիներ միանշանակ ասել, որ հաղթանակը կասկած չի հարուցում։ Կային բարձր շանսեր ունեցող մի քանի թեկնածուներ, բայց նրանցից որեւէ մեկը մյուսների նկատմամբ շոշափելի առավելություն չուներ։

Նախագահի թեկնածուներից թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Մասիս Մայիլյանը, թե՛ Վիտալի Բալասանյանը Արցախում հեղինակություն վայելող գործիչներ են, նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Այս իրավիճակը խոսում է նախապես գծված սցենարների բացակայության, ինչն էլ իր հերթին՝ մրցակցային հավասար պայմանների մասին։

Հաջորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ կար նախագահի թեկնածուների մեծ թիվ։ Շուրջ 150 հազար բնակիչ ունեցող երկրում նախագահի 14 թեկնածուն, համաձայնեք, բավական մեծ թիվ է։ Սա ինչ-որ առումով ցույց է տալիս քաղաքական աշխուժությունն Արցախում, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ Արցախում գոյություն ունի քաղաքական բազմազանություն։ Այնտեղ քաղաքականությունը չի մշակվում ու իրականացվում մեկ կենտրոնից։ Նկատենք, որ երկար տարիներ Արցախում կար իշխող քաղաքական էլիտա, որը լրջագույն ազդեցություն ուներ քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտների, կադրային նշանակումների վրա։ Այժմ այս իրավիճակը նշանակալիորեն փոխվել է։

Երրորդ՝ Արցախում գրանցվեց ընտրությունների մասնակցության խիստ բարձր մակարդակ՝ ընտրողների 72.7 տոկոս։ Այս ցուցանիշը խոսում է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային բարձր վստահության մասին։ Ընտրությունները քաղաքական գործընթացների առավել կարեւոր ինստիտուտն են։ Երբ հասարակությունը շատ լուրջ է վերաբերվում ընտրություններին եւ գրանցում է բարձր մասնակցություն, նշանակում է, որ տվյալ հասարակությունը պատրաստ է ու տրամադրված՝ ժողովրդավարական ճանապարհով լուծել իր խնդիրներն ու իրականացնել փոփոխություններ։ Մեկ բառով՝ ընտրություններին բարձր մասնակցությունը խոսում է հանրության քաղաքական հասունության մասին։

Ինչո՞վ են կարեւոր ընտրական այս գործընթացները Արցախի ու Հայաստանի համար։ Նախ՝ Հայաստանի իշխող քաղաքական թիմը ցույց տվեց, որ չի միջամտում Արցախի ներքին գործերին, եւ այն շահարկումները, թե Հայաստանի իշխանությունները սատարում են որեւէ թեկնածուի, մնացին շահարկումների մակարդակում։ Երկրորդ՝ Արցախի հակամարտության կարգավորման այս կարեւորագույն փուլում, երբ բանակցություններում, կարծես, սկզբունքային փոփոխություններ են տեղի ունենում, եւ բարձրացվում է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը, շատ կարեւոր է, որ Արցախն ունենա իրապես լեգիտիմ նախագահ ու խորհրդարան։

Եվ ամենակարեւորը՝ միջազգային հանությանն այսպիսով Արցախը ներկայանում է որպես կայացած քաղաքական համակարգ ունեցող պետական միավոր։ Բարձր մակարդակով տեղի ունեցած ընտրական գործընթացները միանշանակ իրենց նշանակալի ազդեցությունն են ունենալու միջազգային հանրության մոտ Արցախի նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւավորման վրա։

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am