ԱԺ պատգամավորների և աշխատակիցների 3 ամսվա պարգևատրման ֆոնդը փոխանցվելու է վարակի հաղթահարման հաշվին

Armenpress 21:46, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ, փոխանցվում է «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

«Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը:

Նշեմ, որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը, թե պատգամավորների, և թե աշխատակազմի աշխատակիցների համար:

Տեղ գտած թերընբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»,- նշել է Տիգրան Գալստյանը:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am