Վարչապետի մասնակցությամբ քննարկումներում կոճապղպեղի գնաճի հարցը չի շրջանցվել

Armenpress 21:00, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառողական վարքագիծն իր ազդեցությունն է թողում գների վրա: Երբ մարդիկ խուճապահար գնում են կոնկրետ ապրանք, ապա անխուսափելիորեն գնաճ է տեղի ունենալու:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր այս օրերին որոշ ապրանքների գների աճին:

«Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում իմբիրի (խմբ․ - կոճապղպեղի) գնաճի կապակցությամբ: Ինձ համար խնդիր էր, հասկանալ… գրում են սոցիալական ցանցերում, թե իմբիրը թանկացել է, ուզում էի հասկանալ, թե իմբիրի հետ այս ինչ է տեղի ունենում: Մեր հայրենակիցներից մեկն, ով մտահոգված էր, որ ես կարող եմ կորոնավիրուսով վարակվել, ինձ վիդեո նամակ ուղարկեց, որտեղ ասվում էր, թե իմբիրը երաշխավորում է, որ կորոնավիրուսով չես վարակվի: Ու ես հասկացա, թե ինչու է իմբիրն այդքան անվերահսկելի թանկանում: Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիր ուտելը կանխում է կորոնավիրուսի վարակը: Այս մասին հարցրել եմ առողջապահության նախարարին, նա ասել է պաշտոնապես, որ չկա որևէ հիմնավորում, ապացույց, որ իմբիրը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է: Սոցիալական ցանցերում այդ վարկածը շրջանառվել է, և իմբիրի գները սկսել են աճել»-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է գնաճը զսպելու համար, սակայն սպառողի վարքագիծը ևս կարևոր է: Նա հորդորում է քաղաքացիներին չճշտված տեղեկություններին տուրք չտալ ու խուճապային գնումներ չկատարել:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am