ԱԺ-ն 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի և Գեղարքունիքի մարզի աշակերտներին

Armenpress 19:51, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով ապրիլի 3-ին Ազգային ժողովը 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի մարզի և Գեղարքունիքի մարզի 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Համակարգիչները փոխանցվում են դպրոցների միջոցով, ԿԳՄՍ նախարարության կողմից մատնանշված ընտանիքներին»,- գրել է Միրզոյանը։

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ինչի հետևանքով բոլոր աշակերտներն ու ուսանողներն անցել են հեռավար կրթության։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագիրը սկսեց այն աշակերտների համար, որոնք չունեն համապատասխան տեխնիկա՝ նրանց ուսուցումն ավելի մատչելի դարձնելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am