ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

Armenpress 18:19, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներին այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հորդորում է մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն:

Ապրիլի 2-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը։Քաղաքացիների մեծ մասը լքել էր օդանավակայանի տարածքը և տեղափոխվել ազգականների տուն։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am