Առաջարկվում է հիմնարար փոփոխության ենթարկել երաշխավորության ինստիտուտը

Armenpress 14:56, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարկ ձեւակերպելիս բանկերը հաճախ են պահանջում ապահովության միջոցներ՝ գրավ, իսկ որպես հավելյալ միջոց՝ երաշխավորություն։ Ներկայումս մեր օրենսդրությամբ ամրագրված եւ փաստացի գործող երաշխավորության ինստիտուտի կիրառումը հանգեցրել է մտահոգիչ իրավիճակի, երբ առանձին գյուղերում գտնվող հողերի եւ տների զգալի հատվածն արգելանքի տակ են կամ գրավադրված։ Նման պայմաններում չափազանց դժվար է գյուղացիների համար նոր վարկային պարտավորություններ ստանձնելը կամ ապահովման միջոցներ տրամադրելը՝ իրենց գյուղացիական տնտեսությունը զարգացնելու եւ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երաշխավորության ինստիտուտը լայնորեն տարածված է հատկապես մարզերում, որովհետեւ գրավը շատ դեպքերում բավարար չի լինում անշարժ գույքի ոչ լիկվիդային լինելու կամ ցածր գին ունենալու արդյունքում։ Դրա հետեւանքով էլ լայնորեն կիրառվում է երաշխավորությունը, այն էլ՝ մի քանի հարեւանի կողմից. «Շատ դեպքերում ֆինանսական եւ իրավական գիտելիքների, ինչպես նաեւ տեղեկացվածության պակասը հանգեցնում է նրան, որ մարդիկ չեն գիտակցում երաշխավորություն տալու հետեւանքները։ Լինում են դեպքեր, երբ նրանց ներկայացվում է, որ երաշխավորությունը պետք է միայն վարկ վերցնելու համար, մինչդեռ հետեւանքների մասին մանրամասն չի տեղեկացվում։ Արդյունքում մարդիկ տալիս են երաշխավորություն, որի հետեւանքով կորցնում են գույքը, կամ այն արգելանքի տակ է հայտնվում, իրենց վարկային պատմությունը անբարենպաստ է դառնում եւ երբ ուզում են արդեն իրենց համար վարկ վերցնել, չեն կարողանում»։

Առկա իրավիճակը կարգավորելու նպատակով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Գործող քաղաքացիական օրենսգրքով երաշխավորությունը սահմանված է որպես համապարտ պարտավորություն վարկառուի վարկային պարտավորությունների համար, այսինքն՝ եթե պարտապանը չի կարողանում ժամանակին կատարել իր վարկային պարտավորությունները, ապա պահանջը ներկայացվում է ոչ միայն նրան, այլեւ միաժամանակ երաշխավորին՝ արգելանք կիրառելով նրա գույքի նկատմամբ առանց սպասելու, որ պարտապանը վճարի իր գումարը, կամ գրավի նկատմամբ բռնագանձում տարածվի, եւ եթե գումարը չբավարարի, միայն դրանից հետո անցնեն երաշխավորին։ «Շատ հաճախ երաշխավորության պայմանագրերի մեջ առկա է լինում նշում առ այն, որ երաշխավորը պարտավորություն է ստանձնում ոչ միայն այդ պահին եղած պարտավորության, օրինակ՝ մեկ կամ հինգ միլիոնի համար, այլեւ դրա նկատմամբ կիրառվող տույժ—տուգանքների, ինչպես նաեւ հետագայում ծագող պարտավորություների նկատմամբ։ Դա նշանակում է, որ եթե հաջորդ տարի պարտապանը նորից վարկ վերցնի, ապա երաշխավորը դրա համար եւս պարտավորություններ ունի»,–պարզաբանեց Ա. Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ կենտրոնական բանկի կանոնակարգերով սահմանված է, որ եթե երաշխավորի պարտավորությունն ավելանում է, ապա պետք է նրան տեղեկացնեն։ Ըստ պատգամավորի, խնդիրը այն է, որ երաշխավորին պետք է ոչ թե պարզապես տեղեկացնել, այլ անհրաժեշտ է ստանալ նրա համաձայնությունը հետագա պարտավորությունների համար։

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նախատեսում են ինստիտուցիոնալ փոփոխություններ երաշխավորության ինստիտուտի մեջ։ Մասնավորապես, առաջարկում են, որ երաշխավորը կրի ոչ թե համապարտ՝ համահավասար պարտավորություն, այլ սուբսիդիար կամ հավելյալ պարտավորություն։ «Երաշխավորի նկատմամբ պահանջ պետք է ներկայացվի այն դեպքում, եթե օրինակ՝ պարտապանի գրավի առարկան այլեւս չի բավարարում պարտավորությունը կատարելու համար, նա չի կարողանում վճար կատարել, ապա միայն դրանից հետո որպես լրացուցիչ ապահովման միջոց դիմեն երաշխավորին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունը»,–նշեց զրուցակիցս՝ հիշեցնելով, որ երաշխավորը համավարկառու չէ եւ չի կարող համապարտ պարտավորություն կրել։

Մյուս կարգավորմամբ առաջարկվում է երաշխավորության պայմանագրում հստակ ֆիքսել երաշխավորության առավելագույն գումարը եւ առավելագույն ժամկետը, որի ընթացքում երաշխավորը պատասխանատվություն է կրում։ Ինչ վերաբերում է հետագա պարտավորությունների համար պատասխանատվություն ստանձնելուն, ապա պատգամավորի խոսքով, եթե ցանկացած դեպքում պարտավորությունը պետք է ավելանա, ապա կարիք կլինի ստանալ երաշխավորի գրավոր համաձայնությունը. «Առանց գրավոր համաձայնության հնարավոր չպետք է լինի պարտավորություն ավելացնել երաշխավորի համար։ Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնց միջոցով փորձելու ենք իրավական մեխանիզմներ ստեղծելով պաշտպանել երաշխավորին, որպեսզի մարդիկ ֆինանսական եւ իրավական իմացության պակասից չհայտնվեն անպաշտպան վիճակում։ Սա ինստիտուցիոնալ փոփոխություն է ենթադրում երաշխավորության ինստիտուտի համակարգում»։ Նախագիծը մեկ անգամ քննարկվել է կառավարության նախարարական կոմիտեում, որի ընթացքում որոշում է կայացվել ուղարկել արդարադատության նախարարություն եւ ԿԲ լրացուցիչ քննարկումների համար։ Ա. Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել նաեւ բանկի, նախարարության եւ բանկերի իրավաբանների հետ։

Ակնհայտ է, որ կան որոշ դժվարություններ, բայց պատգամավորը հույս հայտնեց, որ կգերակշռի քաղաքացու եւ երաշխավորի իրավունքները պաշտպանելու մոտեցումը։ «Բանկերի համար խնդիրներ կարող են լինել այն առումով, որ վերջիններս պետք է նոր գործիքներ կիրառեն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու պարագայում։ Պետք է փարատեմ այն մտավախությունը, թե նախագծով կարող է թուլանալ ապահովությունը, քանի որ պահպանվելու է ապահովությունը գրավի եւ երաշխավորության համար, պարզապես կիրառման հերթականությունն է փոխվելու»,–ընդգծեց նա՝ նշելով, որ մտավախությունը այն է, որ դա կարող է բերել դատական համակարգի ծանրաբեռնման, երբ նույն վեճով երկու անգամ մտնեն դատարան՝ մեկ անգամ ընդդեմ պարտապանի եւ մեկ անգամ էլ՝ երաշխավորի։ Այսօր փորձում են լուծումներ գտնել, որպեսզի մեկ վարկային պարտավորության շրջանակներում վեճ առաջանալու դեպքում դատարանը կարողանա երկուսի գործն էլ քննել մեկ դատավարության շրջանակներում։ «Թե դատական համակարգի, թե բանկերի, թե պարտապանի եւ երաշխավորի համար ձեռնտու է, որպեսզի ընթացակարգային առումով վեճի քննությունը երկար չտեւի։ Այդ ընթացքում տույժ ու տուգանքներ կարող են կուտակվել վերջիններիս համար, իսկ բանկը ստիպված կլինի գումարային կորուստներ ունենալ»,–ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախագծի շուրջ քննարկումները սկսվել էին դեռեւս 3—4 տարի առաջ, երբ նա աշխատում էր կենտրոնական բանկում, այսինքն՝ այն բավականին երկար ճանապարհ է անցել, եւ պատգամավորը հույս ունի, որ ի վերջո վերջնական լուծում կստանա։

Նշենք, որ Արկադի Խաչատրյանը 2015-2018 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, իսկ 2018-2019 թթ.՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական։ «Կառավարության հետ պետք է համաձայնության գանք ձեւակերպումների մասով։ Սա այն ինստիտուցիոնալ նախագծերից է, որ պետք է կիրառվի թե՛ բանկային համակարգի, թե՛ կառավարության կողմից, հետեւաբար, այս հարցում կոնսենսուսի գալը կարեւոր է»,–շեշտեց զրուցակիցս։

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am