Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ

Armenpress 20:03, 2 Ապրիլ, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ։ «Չորս տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցին ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի քանակը, ինչպես նաև հարձակմանը նախորդած ժամանակահատվածում լարվածության  բարձրացմանը և խաղաղ գործընթացի տապալմանն ուղղված ադրբեջանական կողմի նպատակային քայլերը  վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրամասն ծրագրված և նախապատրաստված ռազմական օպերացիա էր: Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի և մարտական գործողությունների վարման կանոնների կոպտագույն խախտումներով: Այս հանցագործությունները մանրամասն փաստաթղթավորվել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից և երկու հատուկ զեկույցներով ներկայացվել միջազգային հանրությանը: 2016 թ. ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ ուժի միջոցով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Միայն Արցախի Պաշտպանության բանակի վճռական գործողությունների, ինչպես նաև համայն հայության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ խափանել Բաքվի պլանները և հարկադրել ադրբեջանական կողմին վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմի  պահպանմանը: Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը մարտահրավեր դարձավ ոչ միայն մեր հանրապետության, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար։ Հատկանշական է, որ ապրիլյան ագրեսիայից քիչ առաջ՝ 2016 թ. մարտի 19-ին, Ադրբեջանի նախագահը ակնհայտ կերպով մեղադրել էր Մինսկի խմբի համանախագահներին այն բանում, որ նրանք «իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հակամարտության սառեցմանը» և այդ պատճառով ադրբեջանական ժողովրդի հավատը նրանց գործունեության նկատմամբ ամբողջությամբ խաթարված է: Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում  ինչպես ապրիլյան ագրեսիայի սանձազերծման, այնպես էլ  Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իր զինծառայողների կողմից իրականացված հանցավոր գործողությունների համար: Այն փաստը, որ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողները, պարգևատրվել են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, ևս մեկ հաստատում է, որ այս գործողությունները իրականացվել են ադրբեջանական իշխանությունների հրամանով կամ նրանց ղեկավարմամբ  և վերահսկմամբ: Հաշվի առնելով, որ այսօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի հետևողական ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ ետ մղելով 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիան կամ դարձել են Բաքվի ռազմական արկածախնդրության անմեղ զոհը: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ ողբերգական օրերին աջակցել են Արցախի ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am