Դրամատիկական թատրոնը գումար է նվիրաբերել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը գումար է տրամադրել «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» գանձապետական հաշվեհամարին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է զետեղված թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Թատրոնի անձնակազմը սույն թվականի մարտ ամսվա աշխատավարձից 560 000 դրամ է նվիրաբերել՝«Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»: Եղեք առողջ։ Աստված օգնական բոլորիս»,-ասվում է գրառման մեջ:
Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի:
Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: