Վարչապետը շնորհավորեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով և նշեց մի քանի խոսուն փաստեր

Armenpress 11:50, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բոլորին շնորհավորեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով: Վարչապետի կարծիքով՝ կայացել են բարձր որակի ընտրություններ, ինչի մասին են վկայում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

«Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել մի քանի հարյուր ձայն: Այս փաստն ինքնին բավականին խոսուն է: Բավականին խոսուն է նաև նախագահի թեկնածուների ու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը:

Բավականին խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև ԼՂ հակամարտության արդարացի լուծման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման տեսակետից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am