Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Armenpress 19:42, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ անդրադարձ է եղել կառավարության հաստատած միջոցառումների իրականացմանը: Ներկայացվել են ընթացիկ վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման վերաբերյալ, որի նպատակը ՓՄՁ տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի  տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է: Նշվել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողների դիմումների գույքագրումը շարունակվում է: Արծարծվել են նաև մյուս ծրագրերի իմպլեմենտացիային առնչվող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է շարունակել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների մշտադիտարկումը, ինչը թույլ կտա կառավարությանը շարունակաբար բարձրացնել դրանց արդյունավետությունն ու հասցեականությունը:

Հաջորդիվ քննարկվել են սոցիալական թիրախային օժանդակության շրջանակի ընդլայնման ուղղությամբ նոր միջոցառումների նախագծերը, մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք գաղափարներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների նախագծերը և ներկայացնել կառավարության հաստատմանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am