Ճամբարակում այս տարի կրկնակի անգամ կավելանան  գարնանացանի ծավալները

Armenpress 14:51, 1 Ապրիլ, 2020

ԳԱՎԱՌ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն մեկնարկել են գարնանացանի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ապրիլի 1-ի դրությամբ արդեն համայնքի բնակավայրերի ցածրադիր գոտիներում կատարվել է շուրջ 20 հեկտար գարու եւ բազմամյա խոտաբույսերի ցանք: Գարնանացանը գնալով նոր թափ է հավաքում:  «Համայնքապետարանը տեղերում հնարավորինս աջակցում ու խրախուսում է տնտեսություններին՝ իրենց սեփական հողամասերում ցանք կատարելու համար: Արդեն որոշակի շարժ ու աշխուժություն է նկատվում այս ուղղությամբ: Ծրագրել ենք այս տարի կրկնապատկել համայնքի ցանքատարածությունները: Համայնքի տարածքում այս տարի կցանվեն շուրջ 100 հեկտար գարի, 100 հեկտար կարտոֆիլ, 20 հեկտար ոլոռ, 20 հեկտար հնդկաձավար, 10 հեկտար սիսեռ, 30 հեկտար առվույտ եւ կորնգան: Մոտ 200 հեկտար էլ կազմում են բազմամյա խոտաբույսերի ցանքերը, որոնք կատարվել են երկու-երեք տարի առաջ: 220 հեկտար էլ կազմում են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար: Կարծում եմ, որ գարնանացանը մեր համայնքում կավարտվի նախատեսված ժամկետներում»,-նշեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am