ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Armenpress 21:46, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում մարտի 30-ին անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նման վարժանքները նպաստում են տանկիստների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ու սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերի լիարժեք տիրապետմանը:

4-րդ զորամիավորման հրաձգա­րաններից մեկում մարտի 30-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Պարապմունքի նպատակն էր հրաձգային վարժությունների կատարման հաստիքային զենքերի կիրառման գիտելիքների կատարելագործումն ու կրակային պատրաստության մակարդակի բարձրացումը:

Սպաների պատրաստվածությունը ստուգելու և նրանց մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել են հավաք-պարապմունքներ ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների ներգրավմամբ:

Պարապմունքների շրջանակում քննարկվել են հավաքների մասնակիցների զեկույցներն ու առաջարկությունները, պարզաբանումներ տրվել մարտական առաջադրանքների և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am