Պատրաստ լինել զրկանքների․ Ավինյանը՝ պարգևավճարները սոցաջակցության ծրագրերին ուղղելու մասին

Armenpress 18:58, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի պնդմամբ՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Կառավարության անդամները պետք է պատրաստ լինեն զրկանքների՝ բնականոն կյանքի վերադարձի ճանապարհին ավելի խորը ճգնաժամեր չունենալու համար։ «Արմենպրես»-ի հաղորմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով ընդդիմության առաջարկի մասին՝ պաշտոնյաների պարգեւավճարները սոցիալական աջակցության ծրագրերին ուղղելու։

«Կառավարությունում քննարկվում են սոցիալական ծրագրերի բովանդակությունն ու թիրախայնությունը: Միջոցները, որոնցից պետք է այդ սոցիալական ծրագրերն իրականացվեն, կարծում եմ՝ շատ ավելի մեծ գումարների մասին է խոսքը: Այո, մենք բոլորս այս փուլում պետք է պատրաստ լինենք զրկանքների, որովհետև իրապես ճգնաժամային իրավիճակում ենք, և պետք է կարողանանք արդյունավետ լուծումներ գտնել՝ մեր բնականոն կյանքի վերադարձի ճանապարհին չունենալու էլ ավելի խորը ճգնաժամեր»,- նշեց Ավինյանը:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, արձանագրվել է 3 մահ, իսկ 31 քաղաքացի ապաքինվել է։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am