Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու մասին հրապարակված որոշումը տեխնիկական սխալի արդյունք էր

Armenpress 15:36, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի` Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու մասին հրապարակված որոշումը տեխնիկական սխալի արդյունք էր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Կոտայքի մարզպետը հայտnել է, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և, մասնավորապես, Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի ըստ անհրաժեշտության:

«Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից: Առո՛ղջ եղեք»,- գրել է Պետրոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք։ 30 պացիենտ ապաքինվել է։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am