Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության

Armenpress 13:39, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Բալասանյանը հայտնեց քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում։

«Ընտանիքով ենք եկել քվեարկության։ Քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության և արդարության»,– ասաց Բալասանյանը։

Նախագահի թեկնածուն նշեց, որ այս պահի դրությամբ որևէ խախտում իրենք չեն արձանագրել։

Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

«Ազգային վերածնունդ» կուսակցություն «Միասնական հայրենիք» կուսակցություն  «Անկախության սերունդ» կուսակցություն  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն  Արցախի հեղափոխական կուսակցություն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք  Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի ժողովրդավարական կուսակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցություն Արցախի պահպանողական կուսակցություն Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am