Որոշ փորձագետների մոտ տերմինաբանության ընկալման դժվարությունն ունի ներքաղաքական բնույթ. ԱԳՆ խոսնակ

Armenpress 12:57, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերը դատապարտող՝ ԱԳՆ հայտարարության մեջ «որևէ ձևով չհրահրված» տերմինի գործածման վերաբերյալ շահարկումներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Նաղդալյանը նշեց, որ «որևէ ձևով չհրահրված» նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով: Այս տերմինը լայնորեն կիրառվում է հակամարտային իրավիճակներում: «Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ իրենց համար այդ տերմինը նոր են բացահայտում: Ափսոսանքով ենք նշում նաև, որ որոշ փորձագետների մոտ ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման դժվարությունները ունեն բացառապես ներքաղաքական բնույթ»,-նշել է Նաղդալյանը:Մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին պատշգամբում էր:Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանն արհամարհում է ՄԽ համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am