Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը

Armenpress 15:51, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱն, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից, այն բրենդավորվել է iUniversity անվամբ, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը: Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային գրադարան, ներբեռնել տեսադասախոսություններ՝ հնարավորություն տալով ուսանողներին և աշակերտներին հարցեր ուղղել իրենց դասախոսներին և ուսուցիչներին, ինչպես նաև ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար։ Հարթակը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր պահի մոնիթորինգ անել և պարզել կոնկրետ կրթական ծրագրի համար ինչպիսի ծավալով է իրականացվել առցանց ուսուցումը, առաջացած բացթողումները և թերությունները, որի միջոցով հաստատության ուսումնական մասի պատասխանատուները կարող են վերահսկել այս կարևոր գործընթացը և առաջացած թերությունները շտկելու համար նախատեսեն նոր գործիքակազմեր։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իր պատրաստակամությունն է հայտնել արտակարգ դրության ժամանակահատվածում հարթակի բոլոր հնարավորությունները և տեխնիկական սպասարկումը տրամադրել նաև այն ուսումնական հաստատություններին, որոնք դրա կարիքը ունեն։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am