Սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձով իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին

Armenpress 15:04, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախմբի երաժիշտները կատարում են Հայաստանի Հանրապետության օրհներգը:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սատարում է ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ այդպիսով նաև թեթևացնելով ձեր աշխատանքը: Առողջությո՛ւն բոլորին»,-ասվում է տեսանյութին կից հաղորդագրությունում:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am