Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

Armenpress 10:13, 29 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները եւ տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով` «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:

«Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով: Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am