Փոխոստիկանապետը բոլոր ամուսիններին խնդրեց որևէ տեղ գնալիս տարբեր տաքսիներից օգտվել

Armenpress 15:07, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը բոլոր ամուսիններին խնդրեց այս օրերին անհրաժեշտության դեպքում որևէ տեղ գնալիս տարբեր տաքսիներից օգտվել, որպեսզի կրճատեն կորոնավիրուսով վարակի տարածման հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մհրյանն ասաց մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում հնարավորության դեպքում մեկ-մեկ շրջեն, իրենց անվտանգությունն ու իրենց երեխաների անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Մհրյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Պարետի որոշմամբ՝ անձնական օգտագործման մեքենաներում և տաքսիներում երթևեկության ընթացքում առկա անձանց թիվը չպետք է գերազանցի 2-ը, իսկ երթուղային տաքսիներում ուղևորների թիվն ավելի շատ է, արդյոք դա չի մեծացնում վարակի տարածման հավանականությունը, Մհրյանը նշեց, իհարկե, մեծացնում է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am