Վարչապետը զանգում է պատահական հեռախոսահամարներով և հետաքրքրվում քաղաքացիների որպիսությամբ

Armenpress 15:14, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետը զանգեր է կատարում «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

«Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ես ունեմ, քաղաքացիների հետ շփումն ապահովելն է: Սակայն արտակարգ դրության պայմաններում դա ճիշտ չէ անել, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խախտում ենք մեր սահմանած կանոնները: Բայց մյուս կողմից շատ կարևոր է իմանալ, թե այս օրերին ինչ են զգում քաղաքացիները, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին: Այսօր առավոտից էքսպերիմենտ եմ արել` զանգ եմ կատարել պատահական համարով և զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ` կապված ընթացիկ իրավիճակի հետ»,-ասաց վարչապետն ու նշեց` սա օգնում է իրեն խնդիրներն ավելի լավ հասկանալու և տնտեսական ու սոցիալական փաթեթների ձևավորման գործում ավելի ճշգրիտ լինելու:Վարչապետը զանգահարում է պատահական հեռախոսահամարների ցուցակով` հասկանալու, թե քաղաքացիներն ինչպես են և ինչ են մտածում: Նա մասնավորապես մի տարեց կնոջից, որն ապրում է ամուսնու հետ ու ունի տեղաշարժման սահմանափակումներ, հետաքրքրվեց, թե իր գնումներն ով է կատարում: Վարչապետը նշեց, որ տիկնոջ հեռախոսահամարը կփոխանցի, որ սոցիալական աշխատողները այս հարցին հետևողական լինեն: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մեկ քաղաքացի մահացել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am