«Դասարան+դասական» ծրագիրը ներկայացվելու է առցանց հարթակում

Armenpress 13:31, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 27-ից մայիսի 22-ը կազմակերպվելու է «Դասարան + դասական» մշակութային կրթական առցանց ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց հասանելիություն ունեցող ծրագրի նպատակն է դպրոցականներին, ուսանողներին, ինչպես նաև արվեստասեր հանրությանը ծանոթացնել համաշխարհային և հայ թատրոնի պատմությանը, ներկայացնել սիրելի դերասաններին և մշակութային գործիչներին, բացահայտել թատերական աշխարհի տարաբնույթ գաղտնիքները։

Ծրագիրը բաղկացած է «Թատերագիտակ», «Զրույց հայտնիների հետ», «Ներկայացում առցանցում» և «Հետնաբեմ» բաժիններից, որոնք նախապես հայտարարված հրապարակումների ցանկին համապատասխան կներկայցվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ծրագրի մեկնարկը կհայտարարեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մարտի 27-ին, ժ․19:00-ին Dasaran․Dasakan / Դասարան․Դասական ֆեյսբուքյան էջում։ Ողջույնի խոսքին կհետևի «Դասարան + դասական» ծրագրի առաջին փուլի (2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր) մասին պատմող տեսանյութի ցուցադրությունը։ «Դասարան+դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Այն նպատակ ունի ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնել թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը։ Ծրագրի առցանց տարբերակը նպատակ ունի ոչ-ֆորմալ կրթության սկզբունքներին համապատասխան հասանելի լինել բոլոր հետաքրքրվողների համար, ինչպես նաև ապահովել մշակութային կրթության բաղադրիչը երկրում տիրող արտակարգ դրության պայմաններում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am