Հայաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվը հասել է 28-ի

Armenpress 12:12, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է ևս 10 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կրկնակի բացասական թեստով, ապաքինված դուրս է գրվել ևս 10 քաղաքացի: Այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Այս պահին ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված քաղաքացի, 1 մահ: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 300 է»,- ասաց նախարարը:

Թորոսյանը հայտնեց, որ վարակվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մեկ քաղաքացի մահացել է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am