ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան դեպք չկա. նախարարությունը հորդորում է չհաստատված լուրեր չտարածել

Armenpress 15:48, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լրատվամիջոցներին հորդորել է չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել:

«Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել: Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»,- գրել է Նիկողոսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am