Հասարակական տրանսպորտի 25 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն

Armenpress 13:51, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 897 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 25 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»․- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am