Թալինում տարբեր մեքենաների կողային հայելիները գողանալու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Armenpress 11:31, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ  են ստացվել, որ գողանում են Թալին քաղաքի տարբեր թաղամասերում կայանված, հիմնականում` «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բաժնի քրեական հետախույզներն անցան տեղեկությունները ճշտելու միջոցառումներին, ապա ձեռնամուխ եղան գողությունների բացահայտմանը։ Թալինի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված Երևանի 23-ամյա բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդը Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերում մեքենաների հայելիներ է գողացել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են գողացված հայելիներից երկուսը, որոնք երիտասարդը չէր հասցրել վաճառել։

 Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am