ՀՀ բոլոր դատարանների առնվազն մեկ դահլիճ կահավորված է տեսաձայնային սարքավորումներով

Armenpress 22:06, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների, հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15  և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-12-Ո-25 որոշումների շրջանականերում մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այցելել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դատավորների հետ, քննարկվել են արտակարգ դրության պայմաններում դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, ընթացիկ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին փորձարկվել է նաև Արաբկիր նստավայրում հեռավար տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովելու նպատակով տեղադրված համակարգը:

Ի հավելումն նշենք, որ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am