Կապառոսը շատ ժամանակ կունենա` ֆուտբոլիստներին ուսումնասիրելու համար. Գևորգ Ղազարյան

Armenpress 20:24, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Կիպրոսի ԱԵԼ-ում հանդես եկող Գևորգ Ղազարյանի կարծիքով՝ հավաքականի նորանշանակ մարզիչը շատ ժամանակ ունի ֆուտբոլիստներին ճանաչելու համար:

«Խոսել եմ Հայաստանի ազգային հավաքականում իմ խաղընկերներից շատերի հետ, և բոլորն էլ գոհունակություն են հայտնել, որ Խոակին Կապառոսն է նշանակվել գլխավոր մարզիչ: Գիտենք, որ փորձառու և եվրոպական ասպարեզում երկար ճանապարհ անցած մարզիչ է: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչի կկարողանա հասնել մեր հավաքականի ղեկին, բայց մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք: Երևի, այս ընդմիջումն ինչ-որ տեղ էլ օգտակար էր մարզչի համար, քանի որ, երբ նա գլխավորեց մեր հավաքականը, շատ քիչ ժամանակ ուներ մինչև մոտակա խաղը: Հիմա նա բավականաչափ ժամանակ կունենա՝ մեր նախորդ խաղերը դիտելու, հավաքականի ֆուտբոլիստների կարողություններին ավելի լավ ծանոթանալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազարյանի խոսքերը փոխանցում է ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայ կիսապաշտպանն այժմ Կիպրոսում է: «Ակումբը յուրաքանչյուրիս հանձնարարել է անհատական ծրագրով վարժություններ, որոնցով էլ մարզվում ենք: Առաջնության վերահսկման վերաբերյալ առայժմ պաշտոնական որոշում չկա: Խոսակցություններ կան, որ այն, հնարավոր է, վերսկսվի մայիսի սկզբին և ավարտվի հունիսին: Ինձ համեմատաբար հեշտ է, քանի որ հենց մեր տան մոտ խաղադաշտ կա, որտեղ էլ մարզվում և պահպանում եմ մարզավիճակս»,-ասել է նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am