Կառավարությունը խոզաբույծներին կառաջարկի աջակցության նոր ծրագիր

Armenpress 17:40, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մարտի 26-ի նիստում կքննարկի գյուղատնտեսության, այդ թվում՝ խոզաբուծության աջակցության ծրագիր` պետության համաֆինանսավորմամբ և 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի բարձրացրած հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում խոզաբույծները հատնվել են դժվար դրության մեջ, քանի որ մսի հիմնական սպառողները` ռեստորանները, չեն գործում:

«Մենք վաղը կառավարության նիստում ընդունելու ենք այդ թվում գյուղատնտեսությանը, բիզնեսին մեծածավալ աջակցություն ցուցաբերելու փաթեթ: Պլանավորում ենք կառավարության վաղվա նիստում 5 փաթեթ ընդունել, որոնք կապված են այս ճգնաժամային իրավիճակի հետ»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ խոզաբուծության համար էլ ծրագրում ավելացրել են նոր կետ: Դրվել է վարկային կոմպոնենտ: «Բայց այնպես ենք արել, որ 0 տոկոսով լինի: Այսինքն՝ խոզաբուծության ոլորտին պարտքով փող ենք տալիս»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ խոզաբուծության համար առաջարկելու են 0 տոկոսով վարկ` ընդ որում կառավարության համաֆինանսավորմամբ:

Նա նկատեց` շատ երկրներ առաջնորդվում են փող բաժանելու տրամաբանությամբ: ՀՀ կառավարության  համար այն ընդունելի չէ: «Մենք ասում ենք, որ  մենք պետք է  օգնենք հասցեական և պետք է օգնենք այն ընկերություններին, որոնք պատրաստ են ընդունել մարտահրավերը` մրցունակ լինելու հետկորոնավիրուսային ժամանակում կամ հենց կորոնավիրուսին զուգընթաց»,-ասաց նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am