«Մնա՛ տանը». արվեստի ոլորտի ներկայացուցիչները տեսաուղերձներով դիմում են հանրությանը 

Armenpress 14:20, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մեծ տարածում է գտել «Մնա՛ տանը» արտահայտությունը: Այդպես հանրության լայն շրջանում ճանաչում ունեցող տարբեր ոլորտների ներկայացուցիչներ տեսաուղերձներով խորհուրդ են տալիս սեփական ներդրումն ունենալ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությանն են միացել նաև Հայաստանում ապրող և ստեղծագործող արվեստագետներ, որոնք շեշտում են՝ տանը մնալով հնարավոր է փրկել շատերի կյանքը:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը նշում է, որ անհրաժեշտ է տանը մնալ այս չարաբաստիկ մարտահրավերի դեմ պայքարելու համար: «Գարուն է, ծաղիկները ծաղկել են, եղանակը լավ է, տաք է: Դժվար է տանը մնալ, դուրս չգալ և չըմբոշխնել այս ամենը, բայց հանուն վաղվա գարունների, հանուն այն լուսավոր ապագայի, որ մեզ սպասում է, եկեք առայժմ մեզ սահմանափակենք այդ հաճույքներից: Մնացե՛ք տանը»:

Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն ռեժիսոր Կարո Բալյանը հորդորում է տանը մնալ և ժամանակն անցկացնել՝ ներկայացումներ դիտելով: «Մարտի 25-ից Շեքսպիրյան փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշոնական էջում ամեն երեկո կարող եք դիտել աշխարհի ամենաաղմկահարույց բեմադրությունները: Մարտի 25-ին՝ ժամը 21:30-ին, ցուցադրվելու է Բուտուսովի «Համլետ» ներկայացումը, որում խաղում է Կոնստանտին Խաբենսկին»:

«Սիրելիներս, եկեք տանը մնանք հանուն այն մարդկանց, որոնց շատ սիրում, գնահատում և արժևորում ենք»,-նշում է դերասան Ստեփան Ղամբարյանը՝ խոստովանելով, որ անգամ վարսավիրանոց չի կարողանում գնալ մազերը կտրելու համար:

«ԴԵՏՔ» խումբը հիշեցնում են, որ աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, որ բոլորիս տանը մնալը կփրկի հազարավոր մարդկանց կյանքեր: Խմբի տղաները հորդորում են մնալ տանն ու փորձել աշխատել տնից այնպես, ինչպես իրենք են անում: «Մնացեք տանը, փրկեք ու փրկվեք»,-շեշտում ենք նրանք:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք է տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

Անժելա Համբարձումյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am