Ոստիկանները մեքենայում 3-րդ անձ լինելու պատճառով 92 հոգու դուրս են հրավիրել մեքենայից

Armenpress 13:17, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակագ դրության ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ընթացքում մարտի 25-ին 92 քաղաքացի, որոնք եղել են 3-րդ անձ մեքենայում՝ դուրս են հրավիրվել մեքենայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Բացի ավտոմեքենաներից, նաև 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ համապատասպան գործողություններ ենք կիրառել, իսկ 16։00-ից հետո մենք կկիրառենք նոր օրենսդրությունը։ Մինչև այդ ժամը մենք կփորձենք մարդկանց ընտելացնել այդ իրավիճակին»,- նշեց Մհրյանը։

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավիճակում պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն խիստ և կենսական անհրաժեշտության դեպքում և իրենց հետ պետք է ունենան տեղաշարժի ձևաթուղթ, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ։ Մեքենաներում պետք է լինի ոչ ավելի, քան 2 անձ՝ վարորդը ներառյալ։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում քաղաքացիների թիվը չպետք է գերազանցի սահմանված տեղերի քանակը։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am