Անհատական գրիչ, ախտահանիչ միջոցներ.Արցախում քվեարկության օրը կանցկացվեն կանխարգելիչ միջոցառումներ

Armenpress 18:59, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով, ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Մասնավորապես, գերնպատակ ունենալով բացառապես ընտրողների առողջական վիճակը անխոցելի պահելը, քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Տեղամասային կենտրոններում գտնվողները՝ ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրողները և այլ անձինք, ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահանվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրն Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները կիրականացնեն շուրջրյա հերթապահություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am