ՄՕԿ-ը Տոկիոյի ՕԽ-ի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի չորս շաբաթում  

Armenpress 10:20, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի oլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի առաջիկա 4 շաբաթվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ կառույցը պատրաստվում է քննարկել հնարավոր հետաձգման որոշումը ճապոնական կողմի հետ, և վերջնական որոշման համար պետք կլինի 4 շաբաթ:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և հիշեցնում է սակուրայի ծաղիկ:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից 1896 թվականին, այդ տարի էլ կայացել են Առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը Աթենքում: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին՝ Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Ամենաշատ Օլիմպիական խաղեր է հյուրընկալել Լոնդոնը (1908, 1948, 2012):



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am