Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է թղթային նամակների ընդունումը

Armenpress 10:50, 21 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է  Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայությունը:

«Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «pochta.rectorat@rau.am» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am