Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք և ուսանողների մրցույթ

Armenpress 17:52, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար:Այդ շրջանակում Հանրապետության նախագահը մարտի 20-ին առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, 45 րոպե տևողությամբ դասաժամերի ընթացքում նախագահն անդրադարձել է ոլորտային թեմաների և դրանց համատեքստում՝ նաև նոր կորոնավիրուսի տարածմանն աշխարհում: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը մրցույթի ձևով տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին՝ վերջնաժամկետ սահմանելով արտակարգ դրության ավարտը:

Մասնավորապես, դիմելով հումանիտար ուղղվածությամբ ուսանող երիտասարդներին՝ նախագահն առաջարկել է գրել ժամանակակից մերձավորարևելյան տարածաշրջանի փոփոխությունների մասին։ Ընդ որում, աշխատանքները կարող են լինել ինչպես Հայաստան-Մերձավոր Արևելք փոխհարաբերությունների, այնպես էլ Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ համար Մերձավոր Արևելքի դերի մասին:Ապագա ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին նա առաջարկել է աշխատանքներ ներկայացնել հետևյալ թեմաների շուրջ՝ գլոբալ ռիսկերի - գլոբալ համաճարակների (օրինակ՝ կորոնավիրուս) տարածման և կանխարգելման մաթեմատիկական մոդելավորում, գլոբալ ռիսկերի հաղթահարման ճանապարհներ (տեխնոլոգիական, գիտական, առողջապահական և այլն):Ուսանողական մրցույթի նպատակն է խթանել հեռահար ուսուցումը և թվային կրթության զարգացումը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներն, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայ ուսանողները:

Էսսեների ծավալը չպետք է գերացանցի 20 էջը: Աշխատանքներն (word ձևաչափով) հումանիտար ուղղվածությամբ ուսանողները պետք է ներկայացնեն homework1@president.am, իսկ ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները՝ homework2@president.am էլեկտրոնային հասցեով՝ նշելով անունը, ազգանունը, ուսման վայրը (բուհը, ֆակուլտետը, կուրսը) և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ.փոստ):

Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am