Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Armenpress 18:23, 19 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյաննը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելոբ նույն ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի և տնօրենի տեղակալի պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- նշված է ՀՀ նախագահի՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի նշանակման հրամանագրում:

Հրամանագրերից մյուսում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- նշված է ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am