Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ

Armenpress 14:24, 17 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Մինչև շաբաթվա վերջ մենք կստանանք կորոնավիրուսի առկայությունը ստուգող 5000-ից ավելի թեստ, ինչը բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք իրականացնում, կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք լրացուցիչ թեստեր ձեռք բերել»,- նշեց Նանուշյանը։

Նա վստահեցրեց, որ այս պահին հանրապետությունում առկա է բավարար քանակությամբ թեստ։

Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Նրանք ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին կա հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am