Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները

Armenpress 16:10, 14 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրված է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Նոր կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր և գործուն զգուշություն: Հավաքական պատասխանատվություն դրսևորելը հնարավոր է միայն դրա անհատական գիտակցմամբ յուրաքանչյուրիս կողմից: Այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է աշխարհի բազմաթիվ նվագախմբերի կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ չեղարկելով գալիք համերգները: Մենք ցավում ենք նման հարկադրված փոփոխության գնալու համար, սակայն բարձր ենք գնահատում մեր հանդիսատեսի առողջական անվտանգությունը և բարօրությունը: Երկրում առողջապահական իրադրության դրական տեղաշարժի դեպքում ընթացիկ համերգաշրջանի գալիք համերգների հասանելիության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,-նշված է հայտարարությունում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կտեղադրվեն հատվածներ նվագախմբի համերգներից։ Նախապես հայտարարված համերգների համար գնված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am