Այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ. Արսեն Թորոսյան

Armenpress 15:10, 14 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված 15 անձանցից 14-ն իրենց բավարար են զգում և միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պացիենտներից 14-ն իրենց բավարար են զգում, միայն մեկի մոտ կա թոքաբորբ, որը բժիշկների հսկողության տակ է»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ: Արսեն Թորոսյանը հորդորեց այս ընթացքում չհաճախել հանրային միջոցառումների և դրանք հետաձգել:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am