Հայաստանի ֆուտբոլի առաջնության հանդիպումները հետաձգվում են
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը ժամանակավորապես դադարեցվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են»:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ: