Լճաշենի միջնակարգ դպրոցում բացվել է Արմաթ ինժեներական լաբորատորիա

Armenpress 21:30, 12 Մարտ, 2020

 ԳԱՎԱՌ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում իր գործունեությունն է սկսել «Արմաթ» ինժեներական լաբորատորիան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, նորաբաց լաբորատորիան  ամբողջությամբ փոխել է դպրոցի մթնոլորտը: Խմբակը բացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:

«52 սան խմբակ է հաճախում ծնողների իմացությամբ: Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման եւ իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝ աշակերտական սեղան, աթոռ, պահարան, գրատախտակ, «ՍեՌոբ» ռոբոտ, եռաչափ տպիչ, համակարգչային կառավարվող շաղափային CNC հաստոց եւ այլ միկրոկոնտրոլլերային հարթակներ, դետալներ, համակարգիչ, լազերային տպիչ, տեսապրոյեկտոր, աշխատանքային տետրեր եւ գրիչներ: Դասընթացին խմբակի սաները ծանոթանում են  «Աղվես» ծրագրին, որով ստեղծում են անիմացիաներ եւ տարատեսակ խաղեր, աշխատում են «Կրիա» ծրագրով, ծանոթանում ռոբոտների կոնստրուկտիվ առանձնահատկություններին, ռոբոտի աշխատանքի հնարավորություններին, թվային, ձայնային եւ թվայնացման հիմունքներին, հետագայում կկարողանան ինքնուրույն տալ պարզ տեխնիկական լուծումներ, ստեղծել ռեալ գործող ինքնաշեն ռոբոտներ, ծրագրավորել ռոբոտը LabView, Scratch ծրագրային փաթեթների միջոցով, C++ կամ այլ ծրագրավորման լեզուներով, կսովորեն ռոբոտների աշխատանքային ծրագրեր, ռոբոտների հետ շփման գրաֆիկական ինտերֆեյսներ, ինչպես կատարել մի քանի գործողություն միանգամից, զուգահեռ ծրագրավորման մեթոդներ, նրանց շրջանում կզարգանան թիմային աշխատանքի հմտություններ: Պատրաստելով եւ ծրագրավորելով տարբեր ռոբոտներ՝ աշակերտները կստանան գիտելիքների մեծ պաշար:  Տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են հաշվետու ցուցահանդեսներ: Խմբակի սաները կմասնակցեն նաև մարզային եւ հանրապետական մրցաշարերի»,-ներկայացրեց Աիդա Մուրադյանը :

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am