Բարձրագույն պաշտոնյաները վարչապետի թիկունքում օտարերկրացիների կոշիկներ են լիզել. Փաշինյան

Armenpress 16:26, 12 Մարտ, 2020

ՎԱՅՔ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղափոխությունից հետո եղել են մարդիկ, ովքեր բարձր պաշտոններ են ստացել և, գտնվելով վարչապետի ուղիղ ենթակայության տակ, նրա թիկունքում օտարերկրացիների հետ ինչ-ինչ կապի մեջ են եղել: Դրա համար այդ անձինք ազատվել են աշխատանքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վայքում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախորդ իշխանությունների կողմից ներկայիս իշխանությանն ուղղված քննադատություններին։

«Ձեր դիվանագիտությունն ի՞նչ է եղել. ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք: Ու այսօր պարզվում է, որ կան մարդիկ, որոնց հեղափոխությունից հետո շատ-շատ հանգամանքներով բերել, պաշտոն ենք տվել, վստահություն ենք տվել, բայց պարզվում է, որ նրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը: Եվ երկրի բարձրագույն պաշտոնյաները, որոնք գտնվում են երկրի վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում՝ այստեղ-այնտեղ, օտարերկրացիների կոշիկներ են լիզել: Եվ այդ լիզելու համար է, որ վզակոթերին տալով՝ հանել եմ գործից: Եվ ճիշտ եմ արել: Եվ հիմա էլ եկել, քաղաքական գործիչ են խաղում»,-ասաց Փաշինյանն ու զգուշացրեց՝ ինչպես սկսել են, այդպես էլ ավարտելու են:

Փաշինյանը զգուշացրեց՝ որևէ մեկը ՝ լինի նախկին, թե ներկա պաշտոնյա, լինի ուժային, թե ոչ, չփորձի ժողովրդի հետ խաղ տալ: Նա վստահեցրեց՝ նման բան անողները պատասխան կտան: «Հատ-հատ բոլորիդ ծնկի կբերենք՝ ժողովրդով: Եվ հյուսիսների, հարավների, արևմուտքների ու արևելքների վրա հույս չդնեք: Այս երկրում մեկ տեր ու տիրակալ կա, և դա ՀՀ հպարտ քաղաքացին է: Հետո էլ գալիս, ասում են, թե պատիվ ունեն, դուք պատիվ չունենք: Եվ ձեր պատիվը վաղուց ծախել եք օտարներին: Եվ դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, կողմնակից չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու, դուք հայ ժողովրդի առաջ պատասխան եք տալու՝ հատիկ առ հատիկ»,-ասաց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am