Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն

Armenpress 15:21, 12 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:

«Մենք այսօր առաջարկել ենք Հայաստանի տարածքում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն, քանի որ երկրում այս պահին բավականին ակտիվ փոխվում են բարձրահարկ շենքերի վերելակները: Այդ արտադրությունը ստեղծելուց հետո հնարավոր կլիներ նաև ետսերվիսային ծառայություններ մատուցել»,- ասաց Դրոժժան:  

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում վերելակների արտադրությունը կարող է դառնալ առաջնային ուղղություններից մեկը:

«Վերելակների արտադրության ստեղծման հնարավորությունը կախված է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության մեծ ծրագրի հետ: Մեր բելառուս գործընկերներին առաջարկել ենք և ներկայացնում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կքննարկվեն մրցակցային հիմունքներով: Այդ քննարկումները տարբեր ձևաչափերով ընթանում են, և երբ դրա իրականացման հնարավորությունները մրցակցային տեսանկյունից իրագործելի լինեն, ապա մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բելառուս գործընկերները Հայաստանում գտնեն աջակցություն իրենց ծրագիրն իրականացնելու համար»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am